Դիանա Շատվերյանի ոճային կտրուկ փոփոխությունը, 9-ամյա դստեր մազերն էլ վառ երանգով ներկելու որոշումն ու ամուսնու արձագանքը

Դիզայներ Դիանա Շատվերյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ վարսերը ներկելով վառ վարդագույն՝ ֆուքսիայի երանգով։ Դիանան Tert.am Life–ի հետ զրույցում պատմել է առանց որևէ մեկին ասելու փոփոխություն անելու, ամուսնու արձագանքի և 9-ամյա դստեր՝ Վիվիենի մազերը ևս վառ գույնի ներկելու որոշման մասին։ «Առաջին անգամ էի նման փոփոխություն անում։ Տրամադրությունս էր այդպիսին։ Հոգնել էի նույն երանգի վարսերից՝ մոտ 10 տարի է՝ բլոնդ է։ Ճիշտ է, դա իմ գույնն է, կարծես, հենց այդպես ծնված լինեմ, բայց փոփոխություն էի ուզում։ Այնպիսի փոփոխություն պետք է անեի, որ մազերս տրավմայի չենթարկեի ու հետո հեշտ վերադառնայի իմ երանգին։ Առանց հստակ որոշման մտա վարսավիրանոց, տեսա՝ վարսավիրս այս երանգի Tshirt-ով է,

ասացի՝ կարո՞ղ ես մազերս շապիկիդ գույն ներկել։ Մտածեց՝ կատակում եմ, ավելի ուշ հասկացավ, որ լուրջ եմ։ Առաջարկեց գունային մասկա դնել, քանի որ հնարավոր է՝ ինձ դուր չգա։ Համաձայնեցի, մեկ շաբաթից գնացի ու ասացի, որ ներկի։ Կարծում եմ՝ ամբողջ ամառ այս երանգով կմնամ»,– ասաց նա։ Դիանայից հետաքրքրվեցինք, թե ամուսինն ինչպես է արձագանքել փոփոխությանը․ «Նրան էլ ոչինչ չէի ասել։ Սթորիներով էր տեսել, որ նման բան եմ արել, ձայն չէր հանել։ Հետո եկա տուն, լույսի տակ նայեց, հավանեց։ Ենթադրում էի, որ իրեն դուր կգա, սիրում է էքսպերիմենտներ։ Եթե մտածեի, որ իրեն դուր չի գա, չէի անի։ Ինձնից էլ սպասելի է նման բան։ Ես էլ եմ սիրում փորձարկումներ»։ Դիզայների դուստրը՝ 9–ամյա Վիվիենը, զրույցի պահին մայրիկի կողքին էր ու նկատեց, որ իրեն էլ է շատ դուր եկել։ «Barbie girl է դարձել»,– նկատեց աղջնակը, որը ևս մայրիկի վարսերից է ուզում, թեև դեռ վերջնական չի որոշել՝ վարդագո՞ւյն, կանա՞չ, թե՞ այլ երանգ կընտրի։ Աղջիկը 3–րդ դասարան է։ Դիանան նկատեց, որ դպրոցում դասերն ավարտելուց հետո դեմ չէ դստեր ցանկությունն իրագործելուն։ «Ծնողները պետք է հասկանան՝

ինչ են երեխային արգելում, ինչ՝ ոչ։ Դժվար չէ երեխային ուրախությունը պարգևել ամռանը, հատկապես, որ սեպտեմբերին մազերը 4-5 սմ կտրելու ենք։ Դասերն ավարտելուց հետո մազերի ստորին հատվածից 4-5 սմ կներկենք, սեպտեմբերին այդքանը կկտրենք։ Շատ կարևոր է մոտ լինել երեխային, նրա ցանկություններին,– ասաց Դիանան ու հավելեց, որ բացարձակ մտավախություն չունի, որ դուստրը ժամանակից շուտ կմեծանա։ –Կարծում եմ՝ երեխայի՝ տարիքից շուտ մեծանալը դրանով չի որոշվում։ Վիվիենն այնքան ճիշտ է իր տարիքին համընթաց գնում, առաջ չի ընկնում, գունավոր մազ ներկելը տարիքից առաջ ընկնելու հետ կապ չունի։ Դրա փոխարեն մենք իր մոտ կտրականապես չենք խոսում մեծական թեմաներից, նա իր վրա բեռ չի վերցնում, բացարձակ տեղյակ չէ բրենդներից՝ թանկից ու էժանից։ Ուղղակի վայելում է իր մանկությունը»։ 36-ամյա Դիանան 2 աղջիկ ունի․արտաքնից շատերը չեն ընկալում նրա տարիքը, ինքը ևս իրեն այդ տարիքում չի զգում։ Դիանան կարևորում է երիտասարդ տեսքով, թրենդներից հետ չմնացող մայրիկ լինելը և նկատեց, որ դա շատ դրական է ազդում իր և ավագ դստեր հարաբերությունների վրա։ «Մարդն արտաքնապես մեծ է երևում իր ապրելակերպից ելնելով։ Ես սիրում եմ հետևել թրենդներին։ Վիվիենն էլ գիտի, որ ես ամեն ինչից տեղյակ եմ։ Երբ իրեն ինչ-որ նկատողություն եմ անում, ընդունում է, չի ասում՝ դու տեղյակ չես, հիմա այդպես չէ, որովհետև իմ օրինակով տեսնում է, որ ես էլ եմ հետևում այն ամենին,

ինչին ինքը։ Տանը նույնիսկ ունի իր հետևած թրենդների օրինակը։ Նա ինձ հետ ամեն ինչի մասին խոսում է՝ վստահ, որ հասկանալու եմ իրեն։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է մոր և դստեր հարաբերութուններում։ Լեան, իհարկե, չի հասկանում այդ ամենը, բայց նա էլ է շատ հավանել մազերիս գույնը, նայում է, ուրախանում, խաղում է դրանց հետ»,– պատմեց մայրիկը։ Դիանան նաև շեշտեց, որ ֆուքսիայի երանգը հիմա շատ նորաձև է թե՛ հագուստի, թե՛ դիմահարդարման, թե՛ վարսահարդարման մեջ։ «Շատերին թվում է՝ այն շատ բարդ համադրվող գույն է, բայց այդպես չէ, իրականում սևի պես է, ամեն ինչի, նույնիսկ, ամենակամակոր երանգի հետ համադրելի է։ Այս երանգի մազերս միայն դասական ոճի հետ է բարդ համադրվում, բայց ես չեմ պատրաստվում առաջիկայում փոխել մասնագիտությունս և դեսպան դառնալ»,– ժպիտով եզրափակեց նա։