Ուսուցիչների կամավոր ատեստավորումը սխալ է. ստացվում է, որ ով չի ատեստավորվել՝ անպիտան է

Հայաստանում օրերս տրվեց աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար ստանալուն միտված ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրման մեկնարկը: Մինչև մայիսի 31-ը ներառյալ առարկայական գիտելիքի ստուգման գործընթացին մասնակցելու համար ուսուցիչները պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էլեկտրոնային հասցեին: Սակայն այս գործընթացը միանշանակ գնահատականի չի արժնանում ոլորտի մասնագետների շրջանում, ու թերևս դա է պատճառը, որ շատ քիչ ուսուցիչներ են դիմել կամավոր ատեստավորում անցնելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կթրության փորձագետ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ կամավոր ատեստավորումը սխալ գաղափար է. «Ես կարծում եմ, որ ուսուցիչը պետք է պարտադիր ատեստավորվի, ոչ թե կամավոր: 4 տարին մեկ պետք է ատեստավորվի և ապացուցի, որ ինքը արժանի է շարունակելու իր աշխատանքը, ապացուցի, որ ինչ որ գիտի, դա արժեքավոր է, հիմնավոր է, կարևոր է:

Ի՞նչ է նշանակում կամավոր ատեստավորում: Կամավոր ատեստավորումը մի տեսակ չափորոշիչ չունի, իսկ պարտադիրը շատ կարևոր գործընթաց էր: Ուղղակի պարտադիր ատեստավորումը, որն իրականացնում էր Կրթության ազգային ինստիտուտը, շատ ձևական էր: Ուսուցիչները պետք է վերապատրաստվեին, հետո ատեստավորում անցնեին, որից հետո կարող էին տարակարգի համար դիմել: Արդեն տարակարգը արժեք ուներ: Իսկ հիմա շատ մակերեսային, ոչ հիմնավոր գործընթաց է սկսվել կամավոր ատեստավորում անցնելու»,-ընդգծեց Բախշյանը:

Հարցին, թե արդյոք 30-50 տոկոս հավելավճարը չի շահագրգռի ուսուցիչներին գնալ ու կամավոր ատեստավորվել, կրթության փորձագետն արձագանքեց. «Կշահագրգռի, բայց եթե կամավոր ատեստավորմամբ, ենթադրենք 10 տոկոսը դիմեցին և ստացան հավելավճար, դա նշանակում է, որ պետությունը համարում է, որ մնացած մանկավարժները պիտանի չեն: Նրանց պիտանելիության աստիճանը ոչ թե պետք է դրանով որոշվի, այլ նրանով, թե ատեստավորված ուսուցիչներից քանիսն են համապատասխանում իրենց կարգավիճակին, այսինքն ուսուցիչ կոչվելուն:

Առաջ երբ ատեստավորվում էին, ստանում էին սերտիֆիկատ, որ համապատասխանում են ուսուցչի կարգավիճակին: Ցավոք, որպես կանոն բոլորը համատարած համապատասխանում էին, բայց եթե այդ գործընթացը լինի արդար, հիմնավոր, ապա ինչպես օրենքն է ասում, որ ուսուցիչը չհամապատասխանի չափորոշիչներին, մեխանիկորեն տնօրենը կարող է իր հետ պայմանագիրը խզել: Սա է տրամաբանականը»:
Անահիտ Բախշյանը համոզված է, որ կամավոր ատեստավորումը ոչ մի արդյունք չի տալու և չի ծառայելու այն նպատակին, որ դրվել է այդ գաղափարի հիմքում:

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն կան դժգոհություններ, որ թեստերով ատեստավորման պարագայում պարզվում է, որ ասենք, հայերենում վիճահարույց դրույթներ կան, և դրա հետևանքով մանկավարժի պատասխանը սխալ է համարվում, Բախշյանը նկատեց, որ ցավոք, Հայաստանում թեստավորման գործընթացը պրոֆեսիոնալ մակարդակով չի տարվում. «Մեզ մոտ չկա թեստ գրողի, դասագիրք գրողի մասնագիտացում: Ով ինչպես կարողանում է, գրում է: Թեստ գրելը շատ կարևոր մասնագիտացում է, որին պետք է տիրապետել: Այնպես գրել, որ թեսթի միջոցով հնարավոր լինի բացահայտել անձի գիտելիքի աստիճանը, խորությունը: Շատ հնարավոր է, որ թեստերի պատճառով մարդիկ տուժեն»: