Ձմերուկ, թե սեխ. Որն է ավելի օգտակար

Ո՞ր մթերքն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխը, ո՞րն է նրանցից ավելի կալորիական, ո՞րն է պարունակում ավելի շատ օգտակար եւ սննդարար նյութեր։ Բժիշկ-սննդաբան Օլգա Կորաբլյովան հավաստիացնում է, որ սեխի 100 գրամը պարունակում է 35 կիլոկալորիա, այն դեպքում, երբ ձմերուկի կալորիականությունը ընդամենը 25 է։ «Սեխը ավելի կշտացնող է, դրանում ավելի շատ է սննդային մանրաթելերի՝ բջջանյութի քանակությունը, որը կարեւոր է աղիների կայուն աշխատանքի համար։ Մասնավորապես, բջ ջանյութը մաքրում է օրգանիզմը եւ կայունացնում խոլեստերինը։ Սեխի 100 գրամի մեջ մոտ 0,9 գրամ սննդային մանրաթելեր կան, այն դեպքում, երբ ձմերուկի մեջ մոտավորապես 0,4 գրամ է»,- ասել է Օլգա Կորաբլյովան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մասնագետի խոսքով՝ սեխի մեջ С վիտամինն ավելի շատ է , քան ձմերուկի։ 100 գրամ սեխի մեջ պարունակվում է մոտ 36 միլիգրամ վիտամին С, այն դեպքում, երբ ձմերուկի մեջ մոտ 8 միլիգրամ է։ Դա նշանակում է, որ պետք է ուտել ընդամենը 200 գրամ սեխ՝ ծածկելու համար ասկորբինաթթվի ցերեկային պահանջմունքը, որը մեծահասակի համար հավասար է 70-100 միլիգրամի։ С վիտամինը կարեւոր է ոչ միայն իմունիտետի համար, այն նաեւ օգնում է յուրացնել երկաթը եւ նպաստավոր ազդեցություն է գործում մաշկի վրա։ «Ձմերուկը լիկոպին է պարունակում, նյութ, որն ապահովում է նրա կարմիր գույնը։ Դա հակաօքսիդանտ է, որը նվազեցնում է աթերոսկլերոզի եւ սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը։

Կան հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ լիկոպինի օգտագործումը նվազեցնում է դեպրեսիան, տագնապայնությունը եւ անգամ ցավը հոդերում»,- ասել է բժիշկը։ Այնուամենայնիվ, մասնագետի խոսքով՝ չի կարելի միանշանակ ասել՝ ո՞րն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխը։ «Երկու բանջարաբոստանային մթերքում էլ շատ են վիտամինները եւ միկրոտարրերը, օրինակ՝ մագնիումը, կալիումը, մանգանը։ Սակայն ամենագլխավորն այն է, որ մթերքները պետք է չափավոր օգտագործել. մեկանգամյա կերակրաբաժինը չպետք է գերազանցի 200 գրամը։ Այդպիսի քանակությամբ ձմերուկը միզամուղ, իսկ սեխը՝ թուլացնող էֆեկտ չեն առաջացնում, եւ օգուտն առողջության համաև կլինի առավելագույնը»,- կարծում է Օլգա Կորաբլյովան