«Նվեր՝ 250 000 դոլար արժողությամբ Porsche մակնիշի ավտոմեքենա». Ջուսը՝ իր շքեղ նվերի, երիտասարդ երկրպագուների և ծննդյան օրվա մասին

Նվեր՝ Porsche մակնիշի ավտոմեքենա, վիրահատություն, որը փոխեց իրեն 180 աստիճանով ու երիտասարդ երկրպագուներ. այս և իր կյանքից այլ հետաքրքիր մանրամասներով BlogNews.am կայքի հետ զրույցում կիսվում է երգչուհի Ջուսը, ով օրերս նշել է իր ծննդյան տարեդարձը: Երգչուհին պատմում է, թե ինչ երազանք է պահել տորթի մոմերը փչելիս.«Այս տարի՝ ծննդյանս օրը, տորթի մոմերը փչելիս երազել եմ գեղեցիկ կղզու և ծովի մասին: Վերջերս շատ բացասական բաներ կատարվեցին թե՛ աշխարհում, թե՛ մեր երկրում: Դրա համար ամբողջ սրտով և հոգով ցանկանում եմ արև, ծով, ավազ ու վառ գույներ: Տեսնենք՝ կիրագործվի իմ այդ երազանքն այս տարի, թե ոչ: Ես գիտեմ՝ երբ մի բանը շատ ես ուզում, այն անպայման կատարվում է»: Ջուսը խոստովանում է, որ նախորդ տարին բավականին դժվար էր ու կիսվում է, թե ինչ է փոխվել իր մեջ 2020-ի ծանր փորձություններից հետո. «2020 թվականը շատ բաներ փոխեց թե՛ իմ մտքում, թե՛ կյանքի նկատմամբ իմ վերաբերմունքի մեջ, թե՛ իմ ապրելակերպի: Ամենակարևորը՝ հասկացա, որ պետք է վայելել կյանքի ամեն րոպեն, քանի որ չգիտենք, թե ինչ է սպասվում մեզ վաղը: Պետք է լինել բարի, ուրախ ու դրական:

Երբ դու դրական ես մտածում, քեզ հետ հրաշքներ են կատարվում: Պետք չէ կենտրոնանալ բացասականի վրա»: 2020 թվականին Ջուսն ուներ երկու կարևոր ծրագիր, սակայն երկուսն էլ հետաձգվեցին: Նախ նա ցանկանում էր լողալ սովորել, իսկ երկրորդը՝ 2 տեսահոլովակ պետք է նկարահաներ, բայց ցավոք, դրանք հետաձգվեցին: Երգչուհին համոզված է, որ այս տարի անպատճառ կկարողանա իրականանցել դրանք: Հետահայացք նետելով՝ Ջուսը նկատում է, որ տարիների ընթացքում ինքը շատ է փոխվել ու նշում է, թե ինչ բացասական ու դրական գծեր են ավելացել իր բնավորության մեջ. «Ես, իսկապես, շատ եմ փոխվել վերջին մի քանի տարվա ընթացքում. դարձել եմ ավելի խելացի, լուրջ, ավելի է զարգացել ինտուիցիաս: Կարելի է նաև ասել, որ ես ամեն հարցում դարձել եմ ավելի բծախնդիր»: Երգչուհին խոսոտվանում է, որ շատ են երիտասարդ տղամարդիկ, ովքեր ցանկանում են լինել իր հետ, բայց Ջուսը կարծում է, որ երիտասարդ տղամադրը չի կարող տալ այն, ինչ կարող է տալ 45 տարեկան կայացած տղամարդը: «Ես պետք է զգամ ինձ թագուհի, ազատ կին, ում չեն սահմանափակում, այլ հակառակը՝ թևեր են տալիս, որպեսզի ես արվեստի մեջ անեմ ամենախելահեղ բաները: Բայց դեռ չկա մի տղամարդ, ով գեղեցիկ ձևով կթեքի իմ ուշադրությունն իր վրա»,- ասում է նա: Հիշելով իր նախորդ ծննդյան տոները՝ Ջուսը հիշում է, թե որն է եղել իր ամենաթանկ նվերն, ու ինչու ինքը այն չի ընդունել. «Ես սիրում եմ թանկ ռոմանտիկա: Շատ է տպավորվել նվերը մի տղամարդու կողմից, ով ինձ շատ էր սիրում: Դա եղել է 250 000 դոլար արժողությամբ Porsche մակնիշի ավտոմեքենա՝ սպորտային, կարմիր: Բայց քանի որ ես չէի սիրում նրան, հետ վերադարձրի, որովհետև չէի ցանկանում դառնալ նրա ընկերուհին, իսկ հետո կինը: Նա իմ ոճի տղամարդ

չէր, չնայած ես գնահատեցի նրա նվերն ու մինչև հիմա հիշում եմ»: Տարիներն անցնում են, բայց երգչուհին գնալով երիտասարդանում ու գեղեցկանում է: Ջուսը դիմել է նաև պլաստիկ ու կոսմետիկ նոր միջամտությունների, որոնց մասին երգչուհին պատմում է. «Վիրահատել եմ քիթս և գեղեցկացրել եմ ատամնաշարս: Փոխվեցի 180 աստիճանով, և դա ինձ դուր է գալիս: Կարևորը՝ մարդ չտարվի պլաստիկ վիրահատություններով, որպեսզի վերջում հակառակ արդյունքը չստանա: Եթե տարիների ընթացքում ցանկանամ կրկին դիմել որևէ փոփոխության, ապա դա միայն կանեմ խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի միշտ մնամ թարմ և ցանկալի: Իսկ ինչ վերաբերում է դաջվածքներին՝ դա արվեստ է ինձ համար: Իմ մարմնի վրա ամեն նկար մի բան նշանակում է»: Իր խոսքը երգչուհին եզրափակում է՝ խոսելով ապագա ծրագրերի մասին.«Կա մի շատ էմոցիոնալ դուետ, որը կատարում եմ երգիչ Սերգոյի հետ: Այն արդեն պատրաստ է, մնում է նկարահանել տեսահոլովակն ու ներկայացնել հանդիսատեսին: Կա նաև մի սոլո երգ, որի վրա նոր եմ սկսում աշխատել: Հուսամ՝ ամեն ինչ հետաքրքիր կսատցվի և այն տեսահոլովակի տեսքով կներկայացնեմ այս տարի»: