Խանութներում շաքարավազ չկա. Արհեստական դեֆ իցի՞տ, թե՞ դատարկ պահեստներ

Հայաստանի խանութներում արդեն 3-4 օր է՝ շաքարավազի դեֆիցիտ է։ Շաքարավազ դժվար է գտնվում ինչպես բակային փոքր խանութներում, այնպես էլ՝ սուպերմարկետներում։ Մինչ այդ էլ որոշ խանութներում այն վաճառվում էր սահմանափակումներով՝ հիմնականում մինչև 5 կգ։ Այսօր՝ հունիսի 7-ի կեսօրին, մեր այցելության ժամանակ Կոմիտաս փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում կիլոգրամներով վաճառվող շաքարավազի արկղերը դատարկ էին, իսկ փաթեթավորված շաքարավազի բաժնում հնարավոր էր գնել միայն 5 կգ կշռող փաթեթներով։ Բակային մի քանի խանութներում մեր հարցումներին ի պատասխան՝ վաճառողները նշում են, որ առաքիչները իրենց պարզապես տեղեկացրել են, որ շաքարավազ չկա, սակայն չեն ասել, թե ինչն է դեֆիցիտի պատճառը, ինչպես նաև չգիտեն, թե երբ կլինի ու երբ կսկսեն առաքել։ Դեֆիցիտից մեկ-երկու օր առաջ էլ խանութներում շաքարավազի գնաճ է նկատվել։ Մինչ այդ որոշակի գնանկում կար, սակայն վերջին երկու օրում այն կրկին թանկացել էր։ «Երևան Սիթի»-ում 5 կգ փաթեթավորված շաքարավազը վաճառվում է 2225 դրամով, այսինքն՝ մեկ կիլոգրամի արժեքը կազմում է 445 դրամ։ Սա այն դեպքում, երբ հունիսի վերջին այն հասել էր շուրջ 370 դրամի։ Մինչ պետական մարմինները չեն բացատրում, թե որն է շաքարավազի դեֆիցիտի պատճառը և երբ կլուծվի այս հարցը, թե՛ քաղաքացիները, թե՛ մրգային պահածոներ արտադրող գործարանները անորոշության առաջ են կագնած այս սեզոնին, երբ շաքարավազի պահանջարկը անհամեմատ ավելի բարձր է, քան տարվա մյուս ամիսներին։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռևս ուսումնասիրում է խնդիրը Պետական մարմինները՝ էկոնոմիկայի նախարարությունն ու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) առայժմ լռում են և շաքարավազի դեֆիցիտի թեմայով որևէ պարզաբանում չեն տալիս` թեև երկրում արդեն մոտ 4 օր է՝ դեֆիցիտ է։ «Խնդրին ծանոթ ենք,

դեռևս հանգամանքներն ենք ուսումնասիրում։ Երբ որոշակի արդյունքներ լինեն, մենք հանդես կգանք հաղորդագրությամբ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Մրցակցության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։ Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Գայանե Անտոնյանն էլ տեղեկացրեց, որ առայժմ տեղեկություններ չունի այս թեմայով։ Խոստացավ նախարարության քայլերի մասին ավելի ուշ հայտնել։ ՄՊՀ-ն շաքարավազի շուկայում վերջին անգամ լայնածավալ ուսումնասիրություն է կատարել 2020 թվականին։ Ուսումնասիրությունն ընդգրկել է 2018 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը: Պարզվել է, որ այս շուկան ըստ ներմուծման և իրացման՝ ունի բարձր կենտրոնացվածություն։ Ներմուծումը և իրացումը (վաճառքը) կենտրոնացված են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Ալեքս հոլդինգ» և «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների ձեռքում։ Այսինքն՝ այս երկու ընկերություններին կարելի է դիտարկել որպես մեկ ներմուծող, քանի որ պատկանում են նույն անձանց։ Այս երկու ընկերությանը և ևս մեկ ընկերության (Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ) 2019 թվականի 10 ամիսներին միասին բաժին է ընկել շաքարավազի ներմուծման 79%-ը։ Մրցակցության հանձնաժողովն արձանագրել է, որ թեև շաքարավազի ապրանքային շուկաներում գործում են մեծաքանակ տնտեսվարող սուբյեկտներ, այնուհանդերձ նրանցից միայն մեկն ունի շուկայական իշխանություն («Ալեքս հոլդինգ»-ը և «Ալեքս էնդ հոլդինգ»-ը միասին): Ընդ որում՝ այս երկու ընկերությունների կողմից իրացված շաքարավազի շուրջ 50%-ը իրացվում է սեփական մանրածախ ցանցի՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների միջոցով։ Հանձնաժողովը Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների դիրքը շաքարավազի շուկայում մենաշնորհ չի բնորոշում, քանի որ կան նաև ընկերություններ, որոնք շաքարավազը ներմուծում են սեփական արտադրության մեջ որպես հումք օգտագործելու համար։ Բոլոր դեպքերում, Ալեքսանյանի ընկերությունները գերիշխող դիրք ունեն այս շուկայում։ Սա է պատճառը, որ փորձագետները պնդում են՝ ՄՊՀ-ն ու էկոնոմիկայի նախարարությունը պետք է ճշտեն շաքարավազի շուկայում դեֆիցիտի առաջացման բոլոր մանրամասները։ Ռիսկ կա, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողը չարաշահում է իր դիրքը։ Սա վտանագավոր է այնքանով, որ քաղաքացիներն ու արտադրող տնտեսվարողները կախված են մեկ խոշոր տնտեսվարողի վարքագծից։ Առաջացած դեֆիցիտի պատճառները հասկանալու համար մենք փորձեցինք կապ հաստատել նաև «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի հետ, սակայն մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ Իսկ սուպերմարկետի աշխատակիցները մեզ հետ զրույցում (ներկայացել ենք որպես գնորդ) նշում էին, որ տեղյակ չեն, թե ինչու շաքարավազ չկա և երբ կլինի։ Տնտեսագետ. «Շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտ են ստեղծում և գները բարձրացնում» Խանութներում շաքարազվի բացակայությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ, բայց այս պահին առավել հավանական տարբերակաները երկուսն են։ Առաջինը շաքարավազի նկատմամբ պահանաջարկի կտրուկ բարձրացումը կարող է լինել՝ պայմանավորված տնային պայմաններում և գործարաններում մրգային պահածոների արտադրության սեզոնով։ Մյուս կողմից էլ, սակայն, փաստ է, որ նախորդ տարիներին ևս այս ամիսներին շաքարավազի նկատմամբ պահանաջարկը բարձրացել է, բայց այսպիսի դեֆիցիտ չի նկատվել։ Եվ երկրորդ տարբերակը՝ արհեստական դեֆիցիտն է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ այն, ինչ կատարվում է շաքարավազի շուկայում, արհեստական դեֆիցիտի ստեղծում է։ Ներմուծողները դա անում են հետագայում գները էլ ավելի բարձրացնելու նպատակով։ Փորձում են օգտվել այն գործոնից, որ ամառվա այս շրջանում, երբ բնակչությունը մեծ քանակությամբ մրգային պահածոներ է պատրաստում (մուրաբաներ, ջեմեր, հյութեր և այլն), շաքարավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն ավելանում է։ «Ակնհայտ է, որ Հայաստանում բավարար քանակությամբ շաքարավազ է առկա, դրամն էլ արժևորվել է վերջին օրերի ընթացքում, սակայն այդ տնտեսական գործոնները չեն ազդում անբարեխիղճ տնտեսվարողների ագահության վրա, նրանք հերթական անգամ խաբում են հայ սպառողներին՝ կուտակելով գերշահույթ։ Նախկին իշխանությունների օրոք, երբ ընտրություններից հետո առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանում էին, ժողովուրդը դա բացատրում էր ընտրարշավի ժամանակ ծախսված գումարների վերադարձով։ Կարծես թե օրինաչափությունը պահպանվել է՝ իշխանությունները վերարտադրվել են, իսկ ապրանքների գները բարձրանում են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել տնտեսագետը։ Պահածոների գործարանները այլըտրանքային ուղիներ են փնտրում Թե՛ շաքարավազի և թե՛ այլ շուկաներում ներմուծման ու իրացման ցածր մրցակցությունը միայն ի վնաս քաղաքացիների ու արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների է։ Այս դեպքում շուկան կենտրոնացված է լինում մեկ մարդու ձեռքում, որն էլ գին թելադրողն է։ Բացի այդ, առաջանում են այնպիսի իրավիճակներ, ինչպիսին այսօվա դեֆիցիտն է։ Վերջին տարիներին տարբեր տնտեսվարողներ Հայաստան շաքարավազ ներմուծելու փորձեր են արել։ Սակայն դա կա՛մ սահմանափակ քանակով է եղել կա՛մ սեփական արտադրության համար։ Այսպիսի ընկերությունների շարքում են «Ջերմուկ ինթ.նլ պեպսի-կոլա բոթ.», «Վիլ Ֆուդ» ՍՊԸ-ները, «Թամարա Ֆրուտ» ՓԲԸ-ն և այլն։ Իսկ խոշոր ներմուծողը մնացել է իր դիրքերում։ Հիմնական պատճառը ոչ թե օրենսդրական կարգավորումներն են, այլ՝ մի շարք ուրիշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ։ Դրանցից գլխավորն այն է, որ Ալեքսանյանին պատկանող ներմուծող ընկերություններն ունեն նաև համապատասխան ենթակառուցվածք այն

իրացնելու համար՝ սուպերմարկետների սեփական ցանցը։ Հետևաբար ընկերությունը կարող է սեփական առևտրի ցանցում շաքարավազը վաճառել ավելի էժան գնով, ինչպեսև արվում է, և ավելի բարձր գնով մատակարարել մյուս ցանցերին ու խանութներին։ Այդպիսով, ներմուծողին պատկանող առևտարային ցանցը գնային ու մրցակցային խիստ առավելություններ ունի մյուս խանութների նկատմամբ։ Սա ոչ հավասար տնտեսական մրցակցության վառ օրինակ է։ Սակայն, տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները, պետական օղակները չեն կարողանում այս հարցը լուծել։ Չնայած այս իրողությանը՝ մեր տեղեկություններով պահածո արտադրող որոշ ընկերություններ մտադիր են միավորվել ու այլընտրանքային ուղիներ գտնել շաքարավազ ներմուծելու, նման դեֆիցիտներից խուսափելու ու չտուժելու համար։ Արդյունքների մասին ավելի ուշ կգրենք։ Վերջին ամիսներին շաքարավազը Հայաստանում ամենաարագ տեմպերով թանկացող ապրանքներից է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, շաքարն ու շաքարավազը թանկացել են 43.2%-ով։ Միևնույն ժամանակ, այս տարվա մայիսի համեմատ հունիսին այն 1%-ով էժանացել էր։ Այսպիսով, շաքարավազի շուկայում առաջացած դեֆիցիտի պատճառները դեռևս հստակ չեն. առավել հավանական տարբերակներն են պահանջարկի կտրուկ բարձրացումն ու արհեստական դեֆիցիտը։ Պարզ չէ, թե երբ խանութներում շաքարավազ կհայտնվի ու ինչ գնով։ ՄՊՀ-ն ուսումնասիրում է խնդիրը, իսկ տնտեսվարողներն այդ ընթացքում փորձում են ինքնուրույն ելքեր գտնել։