
Այսօր, երբ իջա կանգառում, գրպանումս մի երկտող գտա. ավտոբուսի մեջ գցել էին գրպանս… Այսօր ավտոբուսը սար ս ափելի ծանրաբեռնված էր: Շնչելու օդ չկար: Ռոսիայի կանգառում մի կերպ, ուղևորների միջով ճանապարհ բացելով, խցկվելով կարողացա իջնել:Միշտ մի քանի կանգառ առաջ ձեռքումս պատրաստ պահում եմ գումարը, որ պիտի տամ վարորդին իջնելիս: Գումարը տվեցի, մանրը վերցրեցի եւ իջա: Մտքերով ընկած մանրը դրեցի գրպանս եւ զգացի, որ գրպանումս ինչ-որ բան կա: Ա՜յ քեզ բան,
այն, որ ավտոբուսում գողություն են անում լսել էի, սակայն, որ գրպանումդ բան են դնում, չէի լսել: Հանեցի տեսնեմ թուղթ է, վրան համար էր գրված եւ գեղեցիկ ձեռագրով գրված էր՝ զանգահարիր ինձ: Դե արդեն պատկերացրեք ինչեր անցան մտքովս…գուցե այն շլացուցիչ կազմվածքով շիկահե՞րն էր նամակը գրողը, որ մի պահ նայեց ինձ եւ հայացքը արագ թեքեց: Քայլում էի դեպի տուն ու արդեն մտովի հազար անգամ խոսել էի հետը, խոսակցությունը ամեն անգամ տարբեր ընթացք էր ստանում… Վերջապես հասա տուն: Տան ճանապարհը դեռ այսքան երկար չէր եղել ինձ համար: Արագ բարձրացա տուն: Տանեցիներին
առանց բարևելու, առանց կոշիկներս հանելու, գրեթե վազելով հասա սենյակս ու դուռը կողպեցի ներսից… Մի քանի վայրկյան արագ ինձ տրամադրեցի ու զանգահարեցի:Լսափողի միջից շատ նուրբ կանացի ձայն լսվեց. -Ալո… Ես էլ որքան կարող էի առնական ձայնով ասացի. -Բարև Ձեզ, կասե՞ք, թե ով է խոսում: -Սա ավելորդ քաշի դեմ պայքարի կլինիկայից է, ինչո՞վ կարող ենք օգնել… Դե իհարկե… ինձ երբեք ոչ մեկը այդպիսի «կոմպլիմենտ» դեռ չէր արել: Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից