«Կարող ենք տունը չվերանորոգել, բայց մեկնել հանգստի». Իրինա Թովմասյանը՝ ճամփորդելու համար տնտեսելու, ընդհանուր 15՝ այս տարի 3 անգամ Եգիպտոսում լինելու և Փարիզ գնալու համար այկիդոյի հաճախելու մասին

«Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը ճամփորդել շատ է սիրում և, իր խոսքով, հասցրել է լինել 20-ից ավելի երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Չեխիայում, Հունաստանում, Ղազախստանում, Բուլղարիայում, Նորվեգիայում, Մալդիվներում, Սերբիայում և այլուր: Tert.am Life-ը զրուցել է Իրինայի հետ առաջին ճամփորդության, իրեն ամենից շատ տպավորած երկրների, 15 անգամ Եգիպտոսում լինելու և ճամփորդությունների ֆինանսական կողմն ապահովելու մասին: Ըստ Իրինայի՝ առաջին ճամփորդությունը եղել է 19 տարեկանում, գնացել է Սանկտ Պետերբուրգ:

«Մեկ ամիս մնացել ու աշխատել եմ այնտեղ, շատ տպավորիչ ճամփորդություն էր: Նախ՝ առաջին անգամ միայնակ էի մեկնել՝ չնայած կազմակերպիչների մեջ հայեր կային, մայրիկիս ընկերուհին ևս այնտեղ էր: Բնակվում է հենց մայրիկիս ընկերուհու տանը, ինձ այնքան էլ մենակ չէի զգում: Սանկտ Պետերբուրգն այն քաղաքն է, որտեղից յուրաքանչյուրն էլ տպավորված կվերադառնա: 4 անգամ եղել եմ կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի «Էրմիտաժ» թանգարանում»,- պատմեց նա: Իրինան ասաց, որ քույրիկի՝ «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանի և մայրիկի հետ ևս շատ է ճամփորդել: «Տարիներ առաջ ես և Լուսինեն միասին Ֆրանսիա՝ Փարիզ էինք գնացել: Լուսինեն մասնակցում էր «Միսս Եվրոպա» մրցույթին, մեր մեկնելու առիթը դա էր: Բնականաբար, շատ տպավորված էի:

Մեգգին ծնվել էր արդեն, նրան առաջին անգամ թողեցի և գնացի: Այդ ժամանակ աշխատում էի մի գրասենյակում, որտեղ ինձ վախեցրել էին, թե Փարիզը վտանգավոր է, հատկապես մենակ շրջելու համար, պետք է պատրաստված լինես, նույնիսկ հատուկ շարժումներ իմանաս: Գնացի այկիդոյի (Ճապոնական մարտարվեստ, խմբ.) մարզումների: Իհարկե, հիմա ժպիտով եմ հիշում այդ ամենը, քանի որ վտանգավոր ոչինչ չկար, ամբողջ Փարիզն արթուն էր նույնիսկ գիշերը»,- նշեց նա: Գեղեցկուհու տիտղոսակիրը վերհիշեց, որ իր կյանքի ամենատպավորիչ ճամփորդությունն ամուսնու հետ է ունեցել: «Գնացել ենք Իտալիա՝ 11 քաղաք: Մշակույթն այնքան շատ էր, չէինք հագենում: Մեկը դեռ լիարժեք չուսումնասիրած՝ մյուսն էինք տեսնում: Ես առաջին անգամ էի Իտալիայում,- ասաց նա և հավելեց, որ կարանտինից առաջ ամուսնու հետ նաև Մալդիվներ էին գնացել,- Մոտ 10 տարի ուզում էինք գնալ, բայց չէր ստացվում: Ամեն ինչ մեզ շատ դուր

եկավ, բայց երեխաների հետ չէի գնա, Մալդիվներ պետք է գնալ ամուսնու, սիրելի մարդու հետ»: Հարցին, թե ո՞ր երկիրն է ամենաշատն այցելել, Իրինան պատասխանեց. «15 անգամ Եգիպտոսում եմ եղել: Միայն այս տարի 3 անգամ գնացել եմ, հուլիսին նորից ընտանիքով եմ մեկնելու, որից հետո աշխատանքային այցով ես կրկին գնալու եմ: Չեմ հոգնում Եգիպտոսից, ծովը շատ եմ սիրում, ես ու ամուսինս դայվինգով ենք զբաղվում: Ժամանակին շուրջ 10 օր դասերի ենք գնացել, քննություններ հանձնել և դայվինգի սերտիֆիկատ ստացել: Կարող եք խորը սուզվել, նույնիսկ մենակ՝ առանց ուղեկցորդի: Շատ ենք դայվինգով զբաղվել, երբ 10 օրով գնում ենք, հաստատ 5 օր դայվինգով ենք զբաղվում: Հիշում եմ իմ առաջին սուզվելը: Ինձ ափի մոտ իջեցրին, անհետաքրքիր էր, հիասթափված էի: Դրանից հետո, երբ երկրորդ անգամ սուզվեցի, բացահայտեցի իրական ջրային աշխարհը»,- ասաց նա: Իրինան շեշտեց, որ պատմական բուրգերը ևս տեսել է: «Մոտ 16 տարի առաջ՝ երբ առաջին անգամ Եգիպտոս էի գնացել, այցելեցի, շատ տպավորիչ էին, բայց, կարծում եմ, մի քանի անգամ գնալ չարժե՝ չնայած հետաքրքիր էր, որ կարող էիր ձեռք տալ այդ հրաշքին: Հիմա տեխնիկապես

գերզարգացած դարում ենք ապրում, բայց զարմանալի է, թե ինչպես են այդքան տարիներ առաջ մարդիկ կարողացել նման բան կառուցել»,- ընդգծեց Իրինան: Իրինան նաև նշեց, որ համաձայն է՝ ճամփորդելը նաև ֆինանսական հնարավորություններից է կախված, բայց կարող ես Հայաստանում էլ ճամփորդել: «Հայաստանում այնքան գեղեցիկ վայրեր կան: Ինձ համար նույնիսկ Դիլիջան գնալը ճամփորդություն է: Միշտ էլ փորձել եմ տնտեսել ու ինչ-որ երկիր մեկնել, հիմա էլ ընտանիքով նույն սկզբունքով ենք առաջնորդվում: Թանկ հագուստների, սրճարանների վրա գումար չենք ծախսում, կարող եմ երեխաներին հասարակ հագուստներ գնել, որովհետև դա կարևոր չէ: Ճամփորդում ենք ինչ-որ բանի հաշվին, կարող ենք տունը չվերանորոգել, բայց մեկնել հանգստի»,- եզրափակեց Իրինան: