«Երիտասարդ էի, երբ որդիս ծնվեց». Սուրեն Առուստամյանը՝ որդու 15-ամյակի, նրա հետ ընկերներ լինելու և իրենց հարաբերությունների մասին

Դերասան Սուրեն Առուստամյանի որդին՝ Հայկը, այսօր դարձել է 15 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է որդու ծննդյան, նրա նախասիրությունների և որդու համար ընկեր լինելու մասին: Սուրենի խոսքով՝ այսօր որդու համար ծանրաբեռնված գրաֆիկով օր է, որովհետև 9-րդ դասարանի ավարտական քննության է: «Օրը կնշի ընկերների հետ, իսկ երեկոյան ընտանիքով կհավաքվենք: Քանի որ որդիս ապագա ծրագրավորող է, նոր նոութբուք եմ նվիրելու: Հայկն արվեստի հետ ընդհանրապես կապ չունի, IT աշխարհում է ապրում: Դա փոքրուց է եկել, հետո հաճախել է հատուկ դպրոց, իսկ հիմա մասնագիտական առանձին պարապմունքների է հաճախում: Նրա որոշումն ընդունում եմ, երբեք չեմ փորձել ուղղորդել, թողել եմ ինքն

ընտրի իր ապագա մասնագիտությունը: Եթե իմ կարծիքը թելադրեի, ճնշումներ գործադրեի, գուցե ընտրեր մի բան, որը երբեք չսիրեր»,- ասաց նա: Ըստ հայրիկի՝ այս շրջանում Հայկի նախասիրությունները սահմանափակվում են մասնագիտությամբ: «Սովորում է, ուսմանը մեծ ժամանակ է հատկացնում: Եթե ամեն ինչ հաջողվի, կընդունվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջ, որից հետո էլ կամ Հայ-ռուսական, կամ էլ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղ: Այդպես ենք որոշել, որովհետև որդիս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է»,- պատմեց նա: Սուրենը ընդգծեց, որ հայր ու որդի զրույցներ են ունենում: «Դրանք կապված են տարիքային անցումային շրջանի, մասնագիտության ընտրության, ընկերների, շրջապատի հետ: Խորհուրդներ ու խրատներ եմ տալիս, փորձում եմ

ընկեր լինել, իր կողմից էլ այդ ցանկությունը կա: Երբեմն, սերունդների բախում ենք ունենում, բայց նորմալ եմ համարում, որովհետև այդ բախումները ժամանակին ես էլ իմ հայրիկի հետ եմ ունեցել: Ժամանակները փոխվել են. կան բաներ, որոնք մեզ համար են խորթ, կան բաներ, որ երիտասարդ սերնդի համար: Փորձում եմ հասկանալ որդուս, ինքս էլ հանրային մարդ եմ, փորձում եմ ժամանակի հետ համընթաց քայլել: Խիստ ծնող եմ, բայց միայն ուսման հարցում, մնացած հարցերում այդպիսին չեմ: Որդիս ինձ է հասկանում, ես էլ իրեն»,- նշեց նա: Դերասանը շեշտեց, որ չի էլ հասցրել նկատել, թե ինչպես տարիներն արագ անցան, իսկ որդին դարձավ 15 տարեկան: «Երբ որդիս ծնվեց, ես 24 տարեկան էի: Այն ժամանակ երիտասարդ էի,

բայց հիմա էլ շատ մեծ չեմ, 38 տարեկան եմ, թեև հոգով ինձ 26 տարեկան եմ զգում: Լավ է այն առումով, որ կողքիս մեծ մարդ է, որն ամեն հարցում ինձ օգնում է, վատն այն է միայն, որ գնալով մեծանում եմ: Փորձում եմ երիտասարդ մնալ, հետևում եմ և՛ ֆիզիկական, և՛ ներքին զարգացմանս: Մարզվում եմ, ամենօրյա շփում ունեմ երեխաների հետ, ինչն օգնում է երիտասարդ մնալ: Որդուս ևս հորդորում եմ մարզվել, բայց դեռ այդքան ժամանակ չունի, լողի է հաճախում»,- եզրափակեց նա: Հեղինակ Մարիամ Խաչատրյան