«Մարդիկ մտածում են՝ սար կազմ է, բայց ես, իսկապես, երջանիկ եմ». Անի Լուպեն՝ 37-ամյակի անակնկալների, չմեծանալու և անձնական կյանքի հետ կապված նպատակների մասին

Դերասանուհի Անի Լուպեն դարձել է 37 տարեկան: Tert.am Lifeի հետ զրույցում նա խոսել է ծննդյան օրվա անակնկալների, երազանքների, չմեծանալու և անձնական կյանքի հետ կապված նպատակների մասին: Անին պատմեց, որ տարեդարձի նախորդ օրը հարսանիքի էր հրավիրված, որտեղ էլ կեսգիշերին սկսվել է օրը: «Հարսն ու փեսան ինձ շնորհավորեցին, ինչից հետո ընկերներով գնացինք մի տեղ, որտեղ նորից մի փոքր նշեցինք: Հաջորդ օրը անակնկալ ստացա նաև աշխատանքիս վայրում՝ այն ակումբում, որտեղ երգում եմ: Ինձ շնորհավորեցին գործընկերներս: Իմ ծննդյան օրը շատ եմ սիրում, բայց հազվադեպ եմ նախապես ինչ-որ բան ծրագրում: Այս տարի էլ հատուկ ոչինչ չարեցի ու ամեն ինչ ավելի լավ ստացվեց: Երբ մարդիկ տեսնում են, որ ոչինչ չես ծրագրել, մտածում են, թե ինչ անակնկալ մատուցեն քեզ: Իհարկե, եղան մարդիկ,

որոնք ծննդյանս օրը չզանգեցին: Ես նեղացկոտ չեմ, բայց զարմացել էի: Սիրում եմ ստանալ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին տալիս եմ: Հաջորդ օրը զանգեցին, պարզվեց՝ ուղղակի մոռացել էին»,- ասաց նա: Ըստ դերասանուհու՝ ամեն տարի տորթի մոմերի հետ երազանքներ է կապում, հավատում է, որ կկատարվեն: «Մոմերը փչելու արարողակարգն իզուր չէ, ուրեմն՝ դրա մեջ խորհուրդ կա: Նպատակներ ևս մտապահում եմ, որոնք կարող են երկար ժամանակ չկատարվել, հետո բաց թողնեմ ու կատարվեն: Իհարկե, մինչև բաց թողնելը քրտնաջան աշխատում եմ, ուղղակի բաց չեմ թողնում: Նպատակներ կան, որոնք շատ դժվար են իրականանում, դրանց տանող ճանապարհը բարդ է լինում: Բայց եթե ուզում ես հասնել նպատակին, պետք է գործես:

Իմ կյանքի ճանապարհները շատ բարդ չեն եղել: Իհարկե, բարդություններ եղել են, բայց միշտ մտածել եմ, որ մեկ ուրիշի ճանապարհն ավելի բարդ կարող է լինել: Ընկճված պահեր ունեցել եմ, որոնք հաղթահարել եմ Աստծո շնորհիվ: Միշտ մտածում եմ, որ նա ինձ հետ է, անհնարին իրավիճակներում միշտ մի լույս բացվել է ինձ համար»,- նշեց նա: Խոսելով անձնական կյանքի հետ կապված նպատակների մասին՝ Անին ասաց, որ հատուկ ոչինչ չի ծրագրում: «Անձնական կյանքիս հետ կապված նպատակներ միշտ էլ ունենում եմ, բայց հատուկ ջանքեր չեմ գործադրում: Չեմ կենտրոնանում, բայց այնպես չէ, որ դրա համար ժամանակ չունեմ: Եթե ցանկություն լինի, կարող ես համատեղել ամեն ինչ»,- շեշտեց նա: Անին այս տարի դարձել է 37 տարեկան. նկատեց, որ մեծացող թվերն իրեն չեն վախեցնում, սիրում է իր տարիքը: «Ընկերներիցս մեկը 60 տարեկան է, իր ծննդյան օրն այնքան ուրախ էր: Հարցրին, թե ինչո՞ւ է այդքան ուրախ, չէ՞ որ մեծանում է, նա էլ պատասխանեց՝

ուրախ է, որ մինչև օրս ապրում է: Այդ խոսքերը տպավորվել են իմ մեջ: Հաճախ են ասում, որ ես չեմ մեծանում: Իհարկե, ինձ փոքր չեմ համարում, բայց ֆիզիկապես ինձ մեծ չեմ զգում: Կարծում եմ՝ երիտասարդ մնալուս գաղտնիքն անկեղծությունն է: Գործի, օրվա, ինքս իմ նկատմամբ անկեղծ եմ, օրվա ընթացքում խիղճս մաքուր է լինում: Իհարկե, բացթողումներ ևս լինում են, առանց դրանց անհնար է: Պետք է ուղղակի աշխատենք չնեղացնել, չվիրավորել դիմացինին ու ապրել մաքուր խղճով»,- ընդգծեց Անին: Դերասանուհին նշեց, որ, իսկապես, երջանիկ մարդ է: «Երբեմն լուսանկարներիս կից գրառումներ եմ անում, որ երջանիկ եմ, մարդիկ մտածում են՝ սարկազմ է: Ես, իսկապես, երջանիկ եմ: Այս կյանքում շատ դժվարություններ կան, բայց լուսաբացի հետ արդեն պետք է երջանիկ լինենք, որովհետև նոր օր է սկսվում»,- ասաց նա: Հեղինակ Մարիամ Խաչատրյան