«Այն ժամանակ չէի կարող այդքան էգոիստ լինել». Գոհար Հարությունյանը՝ «Միսիս ԱՄՆ»-ում ժյուրիի կազմում լինելու, երեխաներին Հայաստանում թողնելու և սպասվող հուզիչ հանդիպման մասին

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանն այս տարի կլինի «Միսիս ԱՄՆ» մրցույթի ժյուրիի կազմում: Գեղեցկուհու տիտղոսակիրը ճամպրուկային տրամադրությամբ է և ամսվա վերջին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է մեկնելու, ընտանիքի արձագանքի, զգացմունքային հանդիպման և իր ելույթի մասին: Ըստ Գոհարի՝ այս առաջարկն առաջին անգամ չէ, որ ստանում է: «Տարիներ առաջ ևս ստացել եմ, բայց մերժել եմ, որովհետև երեխաներս փոքր էին, գերծանրաբեռնված էի ընտանիքով: Մենք ընդհանրապես ասում ենք, որ կինն իրեն պետք է ցուցակի ամենավերևում դասի, բայց ես կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակն ունի: Այն ժամանակ չէի կարող այդքան էգոիստ լինել ու թողնել երեխաներիս: Հիմա ավագ երեխաներս պահում են փոքրերին, բոլորն էլ ուզում են,

որ ես գնամ, լիցքաթափվեմ, բոլորն էլ ինձ շատ են աջակցում»,- պատմեց նա: Գեղեցկուհու տիտղոսակրի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին անգամ եղել է 2005 թվականին: «Այնտեղ շատ հարազատ վայրեր ու մարդիկ կան, որոնց ուզում եմ տեսնել: Իմ խառնվածքով էլ մի փոքր ինտրովերտ եմ, միշտ էլ ունեցել եմ իմ անձնական տարածքը, բայց երկար ժամանակ է՝ չունեմ: Երբեմն նյարդայնանում եմ, որ չեմ կարող ամեն ինչ թողնել ու գնալ: Մենակ ճանապարհորդելն այս պահին ինձ պետք է, կարծում եմ՝ արժանի եմ դրան»,- ասաց նա: Գոհարն ընդգծեց, որ առաջին անգամ չէ, երբ երեխաներից այդքան հեռու է լինելու: «2018 թվականին մեկ ամսով բացակայել եմ Հայաստանից, այն ժամանակ շատ ծանր էր, տհաճություն կար, որ հեռու էի: Ուղղակի ես ինքնատիրապետում ունեմ, կարծում եմ՝ այս անգամ թեթև կանցնի, ընտանիքումս ամեն ինչ շատ լավ դասավորված է: Երեխաներս էլ մինչև իմ գալը դպրոց են հաճախելու, կգամ, հետո արձակուրդի կանցնեն»,- նշեց Գոհարը: Մրցույթին Գոհարը պետք է ելույթ ունենա: Նկատեց, որ խոսելու է հնարավորինս բնական՝ իր կենսափորձից: «Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդիկ ամեն ինչին փորձում են տերմինոլոգիա տալ, բռնություն որակավորել: Ժամանակին, երբ ամուսնացա, ամուսինս ասաց, որ պետք է շատ երեխաներ ունենաք, քանի որ նրա նախնիները Արևմտյան Հայաստանում սպանդի էին ենթարկվել: Դա նրա կյանքի նպատակն էր, որին կարող էի տալ տերմինոլոգիա, դիտարկել որպես բռնություն ու բաժանվել: Ես փորձեցի երկկողմանի դիտարկել հարցը, թաքցնել հույզերս ու վերջում ամեն ինչ ստացվեց շատ ավելի լավ, քան երբ ես բարդացնեի իրավիճակը: Պետք է կոչ անենք, որ ամբողջ աշխարհում մարդիկ ամեն գնով պահեն ընտանիքը»,- շեշտեց նա: Գեղեցկուհու տիտղոսակիրը նաև պատմեց, որ ԱՄՆ-ում այցելելու է մի կնոջ, որն իրեն այնտեղ մի քանի տարի պահել է: «Այդ կնոջ շնորհիվ եմ կրթություն ստացել:

Նրա և նրա ամուսնու հետ եմ ապրել մի քանի տարի, իսկ ծանոթացել ենք իր նախաձեռնությամբ: Նա իր բոլոր ծանոթներին ասել էր, որ երբ ինձ տեսնեն, կազմակերպեն մեր հանդիպումը: Այդպես ծանոթացանք, առաջարկեց, որ ուսում ստանամ, միասին գնացինք Եվրոպա՝ տարբեր մոդելային գործակալություններ: Ինձ թվում էր՝ գործակալություններն են վճարում ծախսերս, բայց պարզվեց՝ նա էր: Քանի որ Եվրոպայում մենակ մնալը վտանգավոր էր, միասին հետ գնացինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հետո ես հասկացա, որ մոդելինգն այդքան էլ իմ խառնվածքին համապատասխան չէ, ստացա ուսում, սկսեցի աշխատել, որ Սոֆի մայրիկին շատ չանհանգստացնեի: Մինչ այսօր գրեթե ամեն օր խոսում ենք, նա իմ հրեշտակն է, շատ հուզիչ, զգացմունքային հանդիպում ենք ունենալու»,- եզրափակեց նա: Հեղինակ Մարիամ Խաչատրյան